ՀՀ-ն՝ առավել անապատավտանգ երկրների ցանկում (տեսանյութ)
Մեր երկիրը գտնվում է չոր, մերձարեւադարձային կլիմայական գոտու սահմաններում, տիպիկ լեռնային երկիր է, ունի բարդ ռելիեֆային ու կլիմայական պայմաններ: Այդ պատճառով ՀՀ տարածքը ներառված է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մասշտաբով առավել անապատավտանգ երկրների ցանկում: Մասնագետները նշում են` հատկապես ՀՀ հարավում բաց լեռնարդյունաբերությունն ու թափոնները անապատացման կարեւորագույն գործոններ են: «Եթե մեր երկրում անապատացման դեմ լուրջ ռազմավարական միջոցառումներ չիրականացվեն, շատ շուտով մեր հանրապետության տարածքը կունենա տնտեսական լուրջ հիմնախնդիրներ,- ահազանգում է Աշխարհագրական գիտությունների դոկտոր, հողագետ Աշոտ Խոյեցյանը` ավելացնելով։- ՀՀ տարածքի ավելի քան 80 տոկոսը գտնվում է անապատացման բնական ու մարդածին ազդեցությունների տակ: Ըստ նրա` հատկապես խնդրահարույց են մեր երկրի Հս եւ Հվ արեւելյան գոտիները, որտեղ սկսած 400 մետրից անապատացում է նկատվում։ Օրինակ` Արարատյան դաշտը դասական անապատավտանգ տարածք է, քանի որ արտահայտվում է հողերի աղակալմամբ, էռոզիայով, հողերի՝ մարդու ազդեցության տակ տեղի ունեցող ամենատարբեր պրոցեսներ»: