Ամենաեկամտաբեր բիզնեսը՝ ներդրում ընթերցանության մեջ (տեսանյութ)
Գերմանիայում գրականություն քարոզում է նույնիսկ մանկաբույժը: «Բժիշկը, մանկաբույժը նախապատրաստված են, նրանք հատուկ դասընթացներ են անցել, որտեղ բացատրում են, թե ինչպես գիրքը մատուցել ծնողին»,- ասում է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Սա՝ դեռ մի քանի ամսականից մինչեւ երեք տարեկան երեխաների համար։ Երեք տարեկանից սկսած երեխային գրքի հետ կապելու այլ մեթոդներ են աշխատում, փոխվում է գրքի ծավալը։ Դժվար դաստիարակվող երեխաներին գրքի հետ կապում են ֆուտբոլի միջոցով. «Շաբաթը մեկ պարապմունք ֆուտբոլ եւ մեկ պարապմունք ընթերցանություն, երաժշտության ունկնդրում»։ Այս երեխաների հետ աշխատում են գերմանացի աշխարհահռչակ մարդիկ, ինչպիսիք են Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը եւ կիսապաշտպան Ֆիլիպ Լամը. «Մանուել Նոյերը էսպիսի ճանապարհ է անցել, հենց ֆուտբոլի հետ էս ճանապարհով է կապվել, նա Գերմանիայի ամենակիրթ մարդկանցից է»։ Արմեն Մարտիրոսյանը վերջերս է վերադարձել այդ երկրից, որտեղ քննարկում էին ընթերցանության խրախուսման եղանակները։ Գիրքը Գերմանիայի տնտեսության շարժիչներից մեկն է. «Գերմանացիները հաշվել են, որ յուրաքանչյուր եվրո, որ դնում ես երեխայի ընթերցանության մեջ կամ առհասարակ հասարակության ընթերցանության մեջ, պետբյուջեին վերադարձնում է 40 եվրո»։ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում այդպիսի բիզնես չգիտի, որը 40 անգամ կավելացնի ներդրումը։ Գերմանիայում այդ մեկ եվրոն ներդնում է պետական բյուջեն եւ իր քաղաքացուց ստանում է մասնագետ. «Սեւակն էր, չէ՞ ասում, մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում։ Փաստորեն, եթե մարդը չի ընթերցում, գիտելիք չունի, սկսում է նպաստներ ստանալ հասարակությունից, սկսում է կթել հասարակությանը։ Ինչ-որ մեկը պիտի պահի նրան։ Փաստորեն ելել է շալակն աշխարհի»։ Գրքի հետ կապվելու նախապայմաններից մեկը կարդացող երեխային խրախուսելն է։ Ըստ հրատարակչի, երեխան պետք է իմանա, որ կարեւոր բան է անում, ինքն իրեն պետք է հերոս զգա։ Արմեն Մարտիրոսյանն ուզում է, որ մեր պետությունն այս մասին մտածի։ Չինացիներն, օրինակ, հասկացան, թե ինչպես է, որ ամեն ինչ կարող են արտադրել, բայց ոչինչ ստեղծել չեն կարող. «Նրանք թանկ հետազոտություն իրականացրեցին, մարդիկ ուղարկեցին ամենակրեատիվ ընկերություններ՝ Դյուպոն, Մայքրոսոֆթ, Էյփլ եւ հարցումներ արեցին։ Հարցումներից հետո պարզեցին, որ մեկ բնորոշ տարր կա՝ նրանք մանկական տարիքում ընթերցել են ֆանտաստիկ գրականություն»։