Առաջին անգամ հայերին են հրավիրել
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: Սա առաջին անգամ է միջազգային մրցույթների պատմության մեջ, երբ հրավիրվում է հայկական կոլեկտիվը։ 2014թ-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում ելույթ կունենա Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա համերգին: Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր: Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է: Վերջինիս շրջանակներում դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի ներկայացումը իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին