«Ինչի՞ խուսափեմ, պիտի ծառայեմ Հայրենիքիս» (տեսանյութ)
Այս զորամասում ստվեր չկա, չնայած դրան շարքային Վարազդատը ծառայության 5-րդ օրը մրսեց ու հիվանդացավ։ Մինչդեռ Հայաստան էր եկել Ռուսաստանի ցուրտ կողմերից: «Պապան ինձ ասում էր՝ չէ, մի գնա, ասի՝ չէ, ես էթալու եմ ծառայեմ ու ֆսյո»։ Նորակոչիկները քիչ չեն Տավուշի մարզի այս զորամասում։ Այս համակրելի երիտասարդն ընդամենը 45 օրվա զինվորական է, մտածում էր տեսնել կոպիտ հրամանատարներ եւ կոպիտ բարքեր։ Իրականում ամեն ինչ մի փոքր այլ է: «Բացի էդ զենքից, բացի էդ սառնասրտությունից, բանակում կան ժամանացային ծրագրեր, օրինակ, շաբաթ կիրակի օրերին կազմակերպում են սպորտ-ժամանցային միջոցառումներ»։ Իրականում այստեղ զինվորականներին նկարահանելը չի խրախուսվում, անուն ազգանունը իմանալ՝ նույնպես, արցախյան պատերազմի հանգուցյալ հերոսները եւ զորամասի եկեղեցին թույլատրելի կադրերից են, զինվորական ճաշն էլ կարելի է նկարահանել, բայց ոչ հրամանատարին: «Ինձի նկարողները հետո պրոբլեմներ են ունենում»։ Այս զորամասը խնամված է խաղաղության առօրյայով, ոչինչ չի ասում, որ դրությունը լարված է սահմանում։ Նույնիսկ զինվորական ծանր հագուստի դասավորությունը խուճապի բացակայության մասին է։ Այստեղ ծառայողների մտքով չի էլ անցել խուսափել բանակից: «Հնարավորություն ունեի, բայց ինչի՞ խուսափեմ, պիտի ծառայեմ Հայրենիքիս»։ Գեւորգը մի փոքր վատ է տեսնում, չծառայելու տարբերակ ուներ, բայց սյունեցի տղա է, պարտավորություն է զգում Գարեգին Նժդեհի հանդեպ, որն ատում էր դասալիքներին: «Ուղղակի մի քիչ ուրիշ տիպի եմ մտածում իրանց մասին, իրանք որ չեն ուզում ծառայել, չգիտեմ, ծառայությունից խուսափելը լավ բան չի»։ Վահրամի շրջապատում շատերը կան, որոնք չեն ուզում լսել ծառայության մասին։ Ինքը խորհուրդ է տալիս գալ բանակ։ Ծառայության տարիները նա համարում է հայրենիքին արվող նվիրատվություն, ոչ մեկս մյուսից լավը չենք «Ոչ մի տագնապ չկա, արդեն տարի ու կես ա հայոց սահմանն եմ պահում, էդ արդեն բավական վստահություն ա տվել ինձ»։ Տավուշի մարզի այս զորամասից դուրս էլ խուճապ չկա, ճանապարհին հերկման սպասող արտեր են, հանգիստ արածող անասուններ, նաեւ՝ մարդիկ։ Միայն ճանապարհն է սպասում խաղաղության ասֆալտին։