Հանքարդյունաբերողներին 3 ամիս ժամանակ է տրված (տեսանյութ)
Իր պաշտոնավարման 100-րդ օրը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ամփոփեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Հանդիպման վայրի ընտրությունը նախարարը բացատրեց բնության գրկում լինելու ցանկությամբ: Նա չզլացավ պատասխանել որևէ մեկի հարցին, սակայն պատասխանը նույնն էր. «Սա ուսումնասիրության խնդիր է, և մենք կարճ ժամանակում կուսումնասիրենք և կհասկանանք՝ ինչն է պատճառը, որ այս կարգավիճակն ունենք»։ Բացի լրագրողների հարցերին պատասխանելուց, Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց նախարարության օրակարգում տեղ գտած առաջնային լուծումներ պահանջող խնդիրները՝ Սևանա լճի մակարդակը, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, ՀԷԿ-երը և հանքարդյունաբերությունը։ Նախարարը խոստովանեց, որ հանքարդյունաբերության մեջ կան լուրջ բացթողումներ։ Նա 3 ամիս ժամանակ է տվել նավթարդյունաբերողներին իրենց խնդիրները լուծելու համար: Նման պահանջ է ներկայացրել նաեւ ՀԷԿ-երին. «Լուրջ վերանայում պիտի անենք ՀԷԿ-երի հետ կապված, միգուցե նաև մենք ՀԷԿ-երի հետ կապված առաջարկություններ անենք, որ հստակ դադարեցնեն գործունեությունը։ Մենք փորձելու ենք,որ որտեղ ռիսկային է այնտեղ թույլտվություն չտանք»,-ասաց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։