Նախարար. Ինչ ձեզ դուր է գալիս, դա մեկ բան է (տեսանյութ)
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր խորհուրդ է տվել լրագրողներին սպասել եւ առայժմ հարցեր չուղղել Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի վերաբերյալ։ Վերջերս նախարարը դրական եզրակացություն է տվել նախագծին։ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքը, մենք ներկայացնում ենք պետություն եւ շարժվում ենք օրենքի սահմաններում։ Ինչ ձեզ դուր է գալիս, դա մեկ բան է, ինչ դուր չի գալիս, մեկ ուրիշ բան է, ընդամենը ձեզ կառաջարկեմ ժամանակից շատ առաջ չընկնեք։ Առաջիկայում, մի քանի օր հետո նույն տարածաշրջանում լինելու են լսումներ, ներկա գտնվեք լսումներին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները դուք այնտեղ կունենաք»,- ասել է նախարարը։ Վերջինս այսօր մասնակցում էր Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԿ-ի ուսուցման եւ հետազոտության ինստիտուտի հետ համատեղ Երեւանում անցկացվող «Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման եւ ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրին»։ Նա ավելացրեց, որ վերջին տարիներին աճել է քիմիական նյութերի արտադրությունը, առեւտուրը. «Քիմիական նյութերի օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն այդ նյութերի ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում կարող է շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության գործոն հանդիսանալ»։ Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ նանոարտադրանքը կարելի է սպառել միայն դրա անվտանգ լինելու դեպքում, իսկ դա հնարավոր է ապահովել միայն հետազոտողների, արտադրողների եւ համապատասխան գործադիր մարմինների համատեղ ջանքերով։։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն էլ իր խոսքում հույս հայտնեց, որ Հայաստանը նման միջոցառումների շնորհիվ կարող է դառնալ նանոտեխնոլոգիաների իրազեկման կենտրոն։