Գայլերի որսն ազատ է (տեսանյութ)
Վերջերս հրապարակվել է Հայաստանի կենդանատեսակների և թռչնատեսակների քանակի և դրանց նկատմամբ որսի հնարավոր ծավալների մասին ցուցակ, որտեղ կաչաղակի, ագռավի և գայլի որս կատարելու վերաբերյալ կոնկրետ թիվ չի նշվում: «Այսինքն՝ գայլերի վրա ով ոնց կարող է, ինչքան կարող է՝ որս է կատարելու»,-ահազանգում է բնապահպան Սիլվա Ադամյանը: Այժմ թույլատրվում է այդ կենդանատեսակի անսահմանափակ որս: Բնապահպանը հիշատակում է անգլիական փորձը, երբ նմանատիպ քաղաքականության պատճառով Մեծ Բրիտանիայում ոչնչացման եզրին հասավ գայլը, եւ ակտիվ փորձեր արվեցին վերականգնելու գայլերի տեսակը։ Սիլվա Ադամյանը նշում է՝ այն, որ գայլերը հարձակվում են բնակավայրերի վրա, հոշոտում հոտեր, ամենևին էլ չի նշանակում, որ պատճառը նրանց թվի ավելացման մեջ է։ Բնապահպանն ասում է՝ համապատասխան մարմինները պետք է գիտակցեն, որ գործ ունեն բնական շղթայի հետ, և պետք է ուսումնասիրություններ կատարել, քանի որ շուրջ 10 տարի է, ինչ մեր երկրում դրանք չեն արվել։ Բնապահպան Կարինե Դանիելյանը տարօրինակ է համարում, որ Բնապահպանության նախարարությունը կարող է աչք փակել այս երևույթի վրա։ Նամակով դիմել են Բնապահպանության նախարարություն, սակայն ոչ մի արձագանք. «Նույնիսկ չեն էլ գրել շնորհակալություն ձեր մտավախության կամ նամակի համար»։ Բնապահպանության նոր նախախարին ուղղված նամակն էլ պատրաստման ընթացքի մեջ է, շուտով կհասցեագրվի տիրոջը։