«Դեպուտատներն իրենց բասեյիններն են լցնում, իսկ երեխաները թունավորվում են ջրից» (տեսանյութ)
Արարատի մարզի Խաչփար գյուղից մի քանի երեխա օրերս հոսպիտալացվել է: Պատճառը խմելու ջուրն է` երեխաները թունավորվել են. «Երրորդ օրն է՝ թոռնիկներս պառկած են հիվանդանոցում, լրիվ վերքա մարմինների վրա»,- ասում է երեխաների տատիկը։ «Մենք խնդրում ենք, որ ժողովրդին անասունի տեղ չդնեք։ Դեպուտատներն իրենց ջերմոցներն են ջրում, ձկան բասեյիններն են լցնում, բայց գյուղացու երեխեն հիվանդանոցում պառկածա։ Մեր նախագահը մենակ ընտրությունների ժամանակա մեզ հիշում»,- բողոքում է մեկ ուրիշ բնակիչ, ով նույնպես ջրից տուժել է։ Ուղիղ մեկ շաբաթ գյուղի մի հատվածը խմելու ջուր չուներ։ Բնակիչները ստիպված ջուրը գնում էին խանութից կամ բերում հարեւան գյուղերից։ Այսօր առավոտյան բնակիչների մի մասը արդեն ջուր ուներ, սակայն այն հավասարազոր է չլինելուն, մի քանի շիշ ջուր լցնելու համար պետք է ժամերով սպասեն։ Կամ էլ գործի դնեն պոմպը, որը ոչ բոլորն ունեն։ Բացի ջրի քանակից, խնդիրը նաեւ որակն է։ Խաչփարցիները վաղուց մոռացել են ծորակից եկող նորմալ ջրի համը։ Ջուրը աղտոտված է ու ժանգոտած։ Որպես ապացույց ռետինե խողովակն է, որի միջով հոսող ջրից այն ամբողջությամբ մամռակալել է։ Խմելու ջրի սակավության ու անորակության պատճառներից մեկն էլ հին խողովակներն են։ Ջրի բացակայությունը գյուղացիների կյանքը դժոխքի է վերածել։