Թակարդի հարցով դիմել են նախարարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում: Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք բերել ֆերոմոնային թակարդներ՝ խնձորենու պտղակեր վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև աջակցել մատչելի պայմաններով թունաքիմիկատների ձեռքբերման գործում: Որոշ այգիներում տարածվել է բակտերիալ այրվածք հիվանդությունը, սակայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գյուղատնտեսները տրամադրում են համապատասխան նյութեր՝ ճիշտ ագրոտեխնիկական աշխատանքներ կատարելու համար: Այնուհետև Ապարանի տարածաշրջանի Վարդենուտ համայնքում նախարարը հետևել է կառուցվող սպանդանոցի շինարարության աշխատանքներին: Այս սպանդանոցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրվող 5 սպանդանոցներից մեկն է, որտեղ նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների մորթ: Սպանդանոցի շահագործումը հնարավորություն կտա կազմակերպել մարզի և հարևան շրջանների գյուղատնտեսական կենդանիների կանոնակագրված մորթ: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցի շինարարությունն արդեն ավարտման փուլում է և մեկ ամսից այն կհանձնվի շահագործման: Նախարար Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառն Աղձք համայնքի «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն էր, որի գործադիր տնօրեն Արթուր Համբարձումյանը նախարարին ներկայացրել է, որ ընկերությունն ունի վանդակային պահվածքով՝ գերմանական արտադրությամբ, 5 թռչնանոց և պատրաստվում է ևս մեկը հանձնել շահագործման: Այս պահին ընկերությունն արտադրում է օրեկան 600 արկղ ձու, որն իրացվում է տեղական շուկայում: Արագածոտնի մարզում նախարարը եղել է նաև Ագարակավան համայնքում, որտեղ ծանոթացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով իրականացված արոտների ջրարբիացման ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին: Ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը: Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանի տեղեկացմամբ ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որին անդամակցում են համայնքի 194 տնտեսություններից 119-ը, սակայն նա լիահույս է, որ անդամների թիվն աստիճանաբար կավելանա: Հայտնում է ԳՆ մամլո ծառյությունը։