Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ ընկերություններն են կասկածելի ծագման մթերք մատակարարում (տեսանյութ)

Հասարակություն
babken-pipoyan

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի և դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին։ Անդրադառնալով մասնավորապես վերջին ժամանակներս մեծ աղմուկ բարձրացրած Երևանի թիվ 3 մանկապարտեզին անորակ և ժամկետանց թռչնամիս մատակարարելու փաստին՝ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ վերոնշյալ խնդրի առնչությամբ անձամբ է խոսել քաղաքապետի հետ՝ պահանջելով, որպեսզի Սննդի վերահսկողության պետական ծառայության կողմից խստացվի մանկապարտեզներին մատակարարվող սննդամթերքի որակը։ Ավագանու անդամը նաև նշեց , որ ՎՊ-ի կողմից տարբեր ոլորտների նկատմամբ իրականացվող ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնք, սակայն, անտեսվել են Կառավարության կողմից։ Այս կապակցությամբ Բաբկեն Պիպոյանը ևս իր հերթին հայտնեց, որ հաճախակի կամ պարբերաբար ստուգայցեր իրականացնելու կամ պատշաճ վերահսկողություն սահմանելու դեպքում բացահայտումները ակնհայտ կլինեին։ Բանախոսը շեշտեց հատկապես այն անհատ ձեռներեցների և կազմակերպությունների անունները, որոնք մինչ 2014 թվականի ավարտը քաղաքապետարանի հետ տարբեր մանկապարտեզներ սնունդ մատակարարելու վերաբերյալ ունեն կնքած համապատասխան պայմանագիր։ Մասնավորապես նա առանձնացրեց «Նուբար», «Հեփի ֆուդ», «Էդուարդ Մխիթարյան» ԱՁ , «Տիսա» և մի քանի այլ ընկերություններ, որոնք, ըստ նրա, էժան սակագնով և կասկածելի ծագման մթերք են մատակարարում։ Բանախոսը հատկապես շեշտեց շուկաներում վաճառվող կաթնամթերքի, մսամթերքի, հացաբուլկեղենի սակագները, և քաղաքապետարան կողմից մանկապարտեզներին սնունդ մատակարարելու վերաբերյալ հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունների կողմից առաքվող սննդամթերքի գնային տարբերությունը՝ մասնավորապես ընդգծելով 1700 դրամ շուկայական սակագնի փոխարեն 1555դրամով առաջարկված թռչնամիսը, կամ 60 դրամանոց ձուն 52 դրամով մատակարարելը։ Այս շարքում նա նշեց մսամթերքի գները՝ 2400-2600 դրամ, որ մանկապարտեզ է մատակարարվել ընդամենը 1800 դրամով։