Օհան Դուրյան. Հայաստանը կործանվում է, և մենք իրավունք չունենք լռելու… (տեսանյութ)
«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»,- ասում էր աշխարհի 100-ից ավելի նվագախմբերի վահանակի մոտ կանգնած աշխարհահռչակ մաեստրոն` «արվեստի ասպետ» Օհան Դուրյանը: Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից ու դիրիժորական փայտիկից` նախընտրելով իր խոսուն ձեռքերի լեզուն: Արտասահմանյան մամուլը նրան համեմատում էր Բերնսթայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ: Երուսաղեմում ծնված ու կրթություն ստացած, Փարիզում ու Վիեննայում արվեստը կատարելագործած դիրիժորն իր ապագան կապեց հայրենիքի, այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հետ: Քանի որ երկու աստղ նույն ազգանունով երկնակամարում փայլել չէին կարող, Հովհաննես Խաչատրյանը դարձավ Օհան Դուրյան: Աշխարհի լավագույն նվագախմբերն էին Դուրյանին հրավիրում աշխատանքի, բայց ավաղ այդ հրավերներն ընդունելու միակ ճանապարհը խորհրդային երկրից հեռանալն էր: Հետո նա վերադարձավ արդեն անկախ Հայաստան, ու նորից հեռացավ, այս անգամ երբ ազատեցին օպերայի և բալետի ազգային նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից` պատճառաբանելով, որ խոսող ձեռքերն արդեն դողում են: Կյանքի վերջին տարիներին մաեստրոն նորից Հայաստանում էր: «Մտավորականն իրավունք չունի ասել` ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա թուլություն է, հանցագործություն: Հայաստանը կործանվում է, և մենք իրավունք չունենք լռելու… Ո՞վ է, որ պիտի գա ու ասի` այլևս սուտ մի խոսեք, այլևս կաշառք մի վերցրեք: Խաբեությունը ամենամեծ աղետն է, եթե դառնում է չափազանց, անկշտում: Սուտը սուտ է ծնում: Երեխադ էլ նույնը կլինի, թոռդ էլ …»,- ասում էր Օհան Դուրյանը: Իմաստուններն ասում էին, որ այն ազգը, որը չի գնահատում իր անցյալն ու իր մեծերին, ապագա ունենալ չի կարող: Օհան Դուրյանը վայելում էր իր ժողովրդի սերն ու ակնածանքը, սակայն ոչ նախկին՝ խորհրդային, ոչ էլ անկախ Հայաստանի իշխանությունների կողմից ըստ արժանվույն չգնահատվեց: ինչ վերաբերում է այսօրյա սերնդին, մեր հարցման արդյունքի պատկերն այնքան էլ հուսադրող չէր: Այսօր Օհան Դուրյանը կդառնար 94 տարեկան: