Դիտորդական խումբ. Ձերբակալվածներին անհրաժեշտ սնունդն ամբողջությամբ չի տրվում
Խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն ՀՀ կառավարության հետ եկել էր փոխհամաձայնության, որ ՁՊՎ-ներում պահվող անձիք պետք է ապահովվեն օրեկան 3 անգամյա սննդով, ներառյալ մեկ տաք սնունդ: Բայց Դիտորդական խմբի մոնիթորինգների արդյունքները ցույց են տվել, որ պետության կողմից չի պահպանվում ստանձնած պարտավորությունը, որի վերաբերյալ մեկնաբանություն է պահանջվել ՀՀ ոստիկանությունից: Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից անհասկանալի մոտեցում է ցուցաբերվում. պնդում են, որ ՀՀ –ում գործող բոլոր ՁՊՎ-ներում տրամադրվում է 3 անգամյա սնունդ, որից մեկը տաք՝ չներկայացնելով որևէ ապացույց: Դիտորդական խումբը, ոչ հիմնավոր համարելով տվյալ մեկնաբանությունը, ՀՀ ոստիկանությունից խնդրել էր ևս մեկ անգամ տալ մեկնաբանություն և հիմնավորել փաստերով, սակայն նրանք չեն ներկայացրել ապացույցներ՝ շարունակելով պնդել, որ նման խնդիր գոյություն չունի: Կարծում ենք՝ տրամաբանական կլիներ, որ ոստիկանությունը ապացուցեր իր պնդումները՝ ներկայացնելով իր տիրապետման ներքո գտնվող ապացույցները առ այն, որ ՁՊՎ-ներում տրամադրվում է օրենքով նախատեսված, ձերբակալվածին հասանելիք սնունդը: Դիտորդական խումբը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ մարզային ՁՊՎ-ներում չեն տրամադրվում օրենքով նախատեսված չափի սնունդ: Այս համոզմանն ենք հանգել մեր գործունեության ընթացքում կատարած ուսումնասիրություններով, ձերբակալվածների հետ կատարած զրույցի ընթացքում ստացած տեղեկություններով: Չնայած որ մենք չէ, որ պետք է ապացուցենք սննդի չտրամադրման փաստը, սակայն խոստանում ենք, որ կարճ ժամանակում կներկայացնենք փաստեր և ապացույցներ տվյալ հիմնախնդրի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության դիտորդական խումբ