«Պապիկն ասել է՝ թքած ունեմ երեխայի ապագայի վրա». բնապահպան (տեսանյութ)
Համահայկական բնապահպանական ճակատի եւ Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին զարմացրել է այսօր որպես վկա Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան բերման է ենթարկելը։ «Իրականում չհասկացա բերման ենթարկելու իմաստը, ինչի աղմուկ բարձրացրին, երբ ես ասում եմ, որ իմ երկու տարի առաջվա ցուցմունքը կա, դա հրապարակեք։ Երեւույթը տհաճ է, մարդուն անտեղի օրակարգից կտրում են, բոլոր գործերս կիսատ մնացին։ Իրենք հասկացան, որ ես չեմ վախենում ցուցմունք տալուց»,- «Ա1+»-ին ասաց բնապահպան Եղիա Ներսեսյանը։ Նա որպես վկա անցնում է 2012 թ սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ կովկասյան արջի եւ բեզոարյան այծի ապօրինի որսի գործով։ Սակայն իրեն բերման ենթարկելուց ավելի շատ բնապահպանին հուզում է հանքերի շահագործումը եւ մարդկանց անտարբեր վերաբերմունքը։ «Ամուլսարի հանրային լսումների ժամանակ հայոց լեզվի ուսուցչուհին հայտարարեց, որ ավելի լավ է կուշտ մեռնել, քան սոված։ Մարդիկ հասել են նրան, որ օրվա հացի գումարը լինի, մնացածը չեն մտածում։ Նման հասարակության մեջ բարձրացնել բնապահպանական խնդիր, որ սա քո համար վտանգ է, քո երեխայի ապագան կվտանգվի, չեմ պատկերացնում։ Պապիկը ասում է՝ թքած ունեմ երեխայի ապագայի վրա»,-ասում է Եղիա Ներսեսյանը։ Իսկ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակմամբ, բնապահպանի խոսքերով, փաստացի ոչ մի բան չի փոխվել։ Մարդիկ շարունակում են լիցենզիաներ ստանալ հանքերի շահագործման համար։