Շտապ օգնություն՝ նաեւ պլանշետներով
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործարկվում է շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգը (ՇՕՏՎ), որը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային կանչի թերթիկներ եւ բոլոր կանչերը ավտոմատ գրանցել համակարգում: Համակարգում ամրագրվում են բոլոր կանչերի ընդունման, սպասարկման, հոսպիտալացման ժամերը: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ստանալու տարաբնույթ հաշվետվություններ` յուրաքանչյուր հիվանդի հետ կապված հիվանդությունների նոզոլոգիաների, ախտորոշումների, օգտագործված դեղորայքի, իրականացրած միջամտությունների վերաբերյալ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարողանում են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը եւ անհրաժեշտության դեպքում դիտել նաեւ հիվանդի բժշկական անցյալը: Այսինքն համակարգի միջոցով կանչն ընդունելուց մինչեւ հոսպիտալացում, բրիգադների աշխատանքն ավելի վերահսկելի է դառնում` նպաստելով ծառայության որակի բարձրացմանը: Այս եւ մի շարք այլ բարեփոխումներ իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Այս նույն ծրագրով մշակվել է 2015-2018թթ. ՀՀ շտապ օգնության ծառայության զարգացման ռազմավարության նախագիծը: Եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է միայն հանրապետության խոշոր քաղաքային համայնքներում, ապա առաջիկայում այն նկատելի կլինի նաեւ գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք իրավական ակտերի եւ փաստաթղթերի նախագծեր, որոնց միջոցով շտապ օգնության դիմող կանչերը տարանջատվել են շտապ եւ ոչ շտապ կանչերի։ Շտապ կանչերն էլ իրենց հերթին դասակարգելով ըստ դասերի։ Յուրաքնչյուր դասի համար սահմանվել են արձագանքման ժամկետներ` պայմանավորված կանչի հրատապությամբ: Միաժամանակ պատրաստվել են հանրային իրազեկման նյութեր, որոնց միջոցով հանրությունը կտեղեկացվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապ օգնության ծառայությանը, դիմելու դեպքում կարգավարի որ հարցերին պետք է պատասխանել եւ այլն: Ծրագրի շրջանակներում մշակվել եւ գործում է www.1-03.am կայքը, որտեղ ծառայության վերաբերյալ ներկայացված են ամբողջական տվյալներ: Գործում է նաեւ առցանց համակարգ, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի առողջության հետ կապված իրեն անհանգստացնող հարցն ուղղել համապատասխան որակավորում ունեցող բժիշկ մասնագետին եւ առցանց ստանալ պատասխան: Առողջապահության նախարարություն