Շ Դոյդոյանը՝ «Ա1+»-ի լրագրողի վրա հարձակման մասին. «Սա հանցագործություն է». Առավոտ
ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, ԱԺ-ի տարածքից դուրս գալով, հարձակում է գործել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ, որն այդ պահին լուսաբանում էր «Հակահարված» խմբի կազմակերպած «Բարև, Ռոբ» ակցիան՝ նվիրված 13 տարի առաջ «Բարեւ, Ռոբ» արտահայտության համար դաժանորեն ծեծված եւ սպանված Պողոս Պողոսյանի հիշատակին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպերն ու դրանց համարժեք գնահատական չտալը անպայման արտահայտվելու են տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող Հայաստանում մամուլի ազատության ինդեքսի վրա, ինչպես օրինակ` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ներկայացվող: Շուշան Դոյդոյանը նշեց. «Հետո մեկ էլ կզարմանան, թե այս ո՞նց եղավ, որ Հայաստանի ինդեքսը նվազեց: Նման դեպքերը, որոնք տեղի են ունենում տարվա ընթացքում, կարող են էական ազդեցություն ունենալ»: Շուշան Դոյդոյանը նշեց, որ ԱԺ-ի դիմաց «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ կատարվածը օրենքի խախտում է ու մանրամասնեց. «Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որը վերաբերում է լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտմանը, այդ դեպքում խախտվել է, ինչը համարվում է հանցագործություն: Երբ լրագրողն իր մասնագիտական գործն է անում, կատարում իր պարտքը, հանրության համար տեղեկություններ հավաքում նրանց փոխանցելու համար, և նրան խոչընդոտում է այս կամ այն պետական համակարգի ներկայացուցիչը, դա հանցագործություն է»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ