Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախ փորձաքննության պահանջ՝ Վարդան Պետրոսյանի գործով

Հասարակություն
vardan11

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն անցկացնելու համար «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում շարունակվում է ստորագրահավաքը։ «Ամեն օր 19:00-21:30 կարող են մոտենալ եւ ստորագրել անկախ փորձաքննության պահանջի դիմաց։ Սակայն առայժմ որեւէ թիվ չենք կարող նշել։ Ստորագրությունները դատարանին հանձնելուց առաջ կհայտնենք թիվը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ստորագրահավաքի նախաձեռնող Ալինա Նիկողոսյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով դատարանը մարդուն կարող է դատապարտել, միայն եթե նա թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Իսկ այդ փաստը կարող է հաստատվել միայն դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ: Եթե Վարդան Պետրոսյանի գործով տեղի ունենա անկախ փորձաքննություն, ապա միանշանակ կհաստատվի, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, այլ ոչ թե կողնակում, ինչպես նշվում է նախաքննության մեջ: Հետևաբար կհաստատվի նաև, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղսագրված ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել»,- այս հայտարարության տակ են ստորագրում մեր համաքաղաքացիները։ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Սա ենթադրում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել էր երկու մարդ: