«Ախպերությունը» սեզոնը չբացված՝ կրակում է (տեսանյութ)
Մենք չենք ուզում դառնալ որսագող, այլ ուզում ենք օրինական լիցենզիա ստանալ եւ նոր միայն գնալ որսի. այսօր այս պահանջով Բնապահպանության նախարարության շենքի մոտ էին հավաքվել մի շարք որսորդներ։ «Այնպես է ստացվել, որ մի տասը տոկոսը լիցենզիա ունի, մնացածը չունեն»,- ահազանգում են որսորդները։ Գրիգոր Կարապետյանն ավելացնում է, որ լիցենզիա ունի «իրենց ախպերությունը», որ սեզոնը չբացված՝ կրակում են հունիս ամսից, իսկ իրենք էլ սպասում են, թեեւ որսի շրջանն ավարտվում է։ «Եթե ալպինիստին թույլ են տալիս սարը բարձրանալ առանց թույլտվության, ապա մենք առանց թույլտվության զենքը ձեռքներիս բնություն դուրս գալու իրավունք չունենք։ 12 հազար զենք վաճառվել է, սակայն մարդկանց փաստացի թույլ չեն տալիս որսի գնալ»,-ասում է Մկրտիչ Շամիլյանը։ Որսորդներն ասում են, որ գումարներ են ծախսել, որսի հետ կապված ապրանքներ են գնել, շուն են պահում, իսկ այսօր կանգնել են նման վիճակի առջեւ։ Որսի շրջանը սկսվել է օգոստոսի 24-ից։ «Հարցը այդ որսը բերելը չէ, հարցը այդ հաճույքն է, որ երկար ժամանակ պատրաստվում ենք դրան։ Ամեն մարդ իր հոբբին ունի, մենք էլ ուզում ենք մեր հոբբին բավարարենք, ոչ կազինո է…»,- ասում է Խաչիկ Զիրեցյանը։ Իսկ Զավեն Բալաբանյանն էլ շեշտեց, որ ոչ ծխում են, ոչ խմում են դաշտում եւ ոչ էլ կենդանիներին կոտորում։