Եվս մեկ տոկոս, եւ Հայաստանի բնակչությունը կհամարվի ծերացած (տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների միջազգային օրը: ՄԱԿ-ը այս որոշումը կայացրել է 1990 թվականին։ Այսօր աշխարհի բնակչության 12 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են։ Իսկ սա նշանակում է, որ ամբողջ աշխարհի բնակչությունը ծերանում է։ Այս մասին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը. «Եթե նույն տեմպերով շարունակվի, ապա 2030 թվականին 60-ից բարձր տարիքի մարդիկ ավելի շատ կլինեն, քան մինչեւ 10 տարեկանները։ Իսկ 2060 թվականի տարեց կլինեն 2 մլդ մարդ ամբողջ աշխարհում»։ Պարոն Հայրապետյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի վիճակագրությունը, ըստ որի՝ 60-ից բարձր տարիքի է բնակչության 13 տոկոսը. «Սա նշանակում է, որ մենք ծերացող ազգ ենք, բայց այս ցուցանիշը ծերացող կոչվելու վերին ցուցանիշն է։ Եվս մեկ տոկոս եւ Հայաստանը կհամարվի ծերացած ազգ»,- ցավով նշեց Գարիկ Հայրապետյանը եւ հավելեց, որ այդ ավելացումը մոտակա տարիներին անխուսափելի է։ Ամեն տարի ՀՀ պետբյուջեից 2,5 միլիոն դրամ է հատկացվում շուրջօրյա խնամքի, տնային սպասարկման եւ ցերեկային կենտրոնների պահպանության համար։ Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը. «8 շուրջօրյա խնամքի կենտրոն կա Հայաստանում, որտեղ բնակվում է մոտ 1250 տարեց։ Իսկ տնային սպասարկման երկու խոշոր կազմակերպություն, որոնք միջին հաշվով, երկուսը միասին տներում սպասարկում են ավելի քան 4000 միայնակ տարեցի»։ «Ա1+»-ի հարցին, թե ապահով ծերություն ունե՞ն այսօր մեծահասակները Հայաստանում, բանախոսները միանշանակ պատասխանեցին՝ ոչ. «Քայլեր արվում են, ոչ միայն բավարար մակարդակի հասնելու , այլ բավարարից անցնելու համար»,-ասաց տիկին Գեւորգյանը։ Իսկ պարոն Հայրապետյանը հավելեց, որ ավելի կարեւոր է այն, որ քայլերն արդեն արվում են՝ բոլորը հասկանում են խնդիրը։ Ի դեպ, այսօր Հայաստանում տարեց է համարվում մոտ 400,000 բնակիչ, նրանցից 149-ը 100 տարեկանից բարձր են։