Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՄԸ-ն իր համաժողովն անցկացնելու է Երեւանում

Հասարակություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունը (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական 13-րդ համաժողովը կանցկացնի Երևանում, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը: Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ., հայագետներ Մայքլ Սթոունի և Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրներից (1988 թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների: Ներկայիս նախագահն է Վալենտինա Կալցոլարին (Ժնև), քարտուղարը՝ Թեո վան Լինթը (Օքսֆորդ): Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի և հայ գիտնականներ: Ընկերակցության հիմնական նպատակներից է խթանել հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով, ի մի բերել և գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը: Ընկերակցությունը կապեր է պահպանում աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մաշտոցյան Մատենադարանի հետ։ Այս համագործակցության արդյունքում է, որ Մատենադարանի տնօրենությունը հանդես եկավ հատուկ նախաձեռնությամբ՝ հայագիտական ընկերակցության հերթական 13-րդ համաժողովը անցկացնելու Մատենադարանում, որն ընկերակցության վարչության և անդամների կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Սույն համաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, որը նաև լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար: Այն աննախադեպ է հայագիտական նյութերի բազմազանությամբ և մասնակիցների ներկայացուցչական կազմով: Համաժողովի երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու 16 նիստեր, ընթերցվելու է 70 զեկուցում, որից 50-ը արտասահմանից ժամանած հայագետների կողմից: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր և այցելություններ, այդ թվում՝ Արցախում կառուցվող Մաշտոցյան Մատենադարանի «Գանձասար» գիտամշակութային կենտրոն: