Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի գործով պաշտպանը դիմում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հասարակություն
top

«Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով պաշտպան Արա Զաքարյանի ճառը ուղղված էր ոչ միայն դատարանին, այլ նաեւ Սերժ Սարգսյանին։ «Ուզում եմ հավատալ, որ սույն գործի ղեկին կանգնած պաշտոնյան առաջին դեմքը չէ։ Միաժամանակ ամենեւին էլ չէի ցանկանա ռուս ժողովրդի պես մտածեմ, որ ցարը լավն է, սակայն պարզվի, որ ինչ- որ արվում է, արվում է նրա գիտությամբ եւ համաձայնությամբ»,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արա Զաքարյանը։ Գործով մեղադրվող Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի պաշտպանի խոսքերով՝ իր ճառն այսպես չէր կառուցի, եթե Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին չհամարեր խուլիգաններ՝, այսպիսով` կայացնելով մեղադրական դատավճիռ։ «Հուսով եմ սույն գործի հանգամանքներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո ձեր տեսակետը կփոխեք, դրանով իսկ հնարավորություն տալով դատարաններին գոնե այս գործով իրականացնել արդարադատություն։ Եթե, իհարկե, սույն գործը չեք համարում քաղաքական»,- ասաց նա։ Նա, ինչպես նաեւ գործով անցնող մյուս պաշտպանները, խնդրեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Գործով վիճահարույցը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, 5 տարվա ազատազրկում պահանջելն է։ «Ես այստեղ պարզապես հաշվեհարդարի էլեմենտներ եմ տեսնում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Իսկ դատարանի բակում՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, կրկին բողոքի ակցիա էր ընթանում։ Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 15-ին։