Հրդեհից տուժած ընտանիքը դեռ գլխին ծածկ չունի (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչները օգնության ձեռք են մեկնում սեպտեմբերի 25-ին Բերդ քաղաքի Նորավան 24 հասցեում ապրող Շիրինյանների ընտանիքին, որոնց տունը հրդեհից ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքին հաջողվել է փրկվել: Շիրինյանների առանց այն էլ անապահով ընտանիքը ոչինչ չունի՝ ամեն ինչ այրվել է հրդեհի ժամանակ, իսկ նրանք գիշերում են բարեկամների և հարևանների տանը: Բերդի բնակիչները համաքաղաքացիներին օգնելու համար հանդես են եկել «Օգնենք հրդեհից տուժած ընտանիքին» նախաձեռնությամբ, իսկ տարբեր մարդիկ ծանր վիճակում հայտնված ընտանիքին աջակցում են նաև շինանյութով և հագուստով: «Բազմանդամ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի հայրը՝ Արթուր Շիրինյանը, չի աշխատում, և ընտանիքն ապրում նպաստով, իսկ անչափահաս երեխաներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- նշում է Բերդ քաղաքի Հայ օգնության ֆոնդի սոցիալական աշխատող Աստղիկ Հակոբյանը: Ընտանիքի հայրն իր բարեկամների հետ արդեն սկսել է շինարարական աշխատանքները, սակայն միջոցները չեն բավականացնում, և Բերդի բնակիչների նախաձեռնությամբ բանկում հաշվեհամար է բացվել ֆինանսական միջոցներ հավաքելու համար: