Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրթությունը վճարովի դարձնելով՝ ուսուցչին կախման մեջ են գցում ծնողից»

Հասարակություն
dasatu

«Գոռալ, գոչել, հանդիմանել բոլորն էլ կարող են, սակայն լավ մանկավարժը պետք է զգա իր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը և կարողանա ճիշտ ուսուցման միջոցով կրթել աշակերտներին,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է անվանի մանկավարժ Գոհար Գասպարյանը, ով աշակերտների եւ շրջանավարտների մեջ առավել հայտնի է իբրեւ Գալինա Խաչատուրովնա:-Մանկավարժն առաջին հերթին պետք է գտնի երեխայի սիրտ տանող ճանապարհը»։ 1968-ից 1989 թվականները Գոհար Գասպարյանը եղել է Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրենը՝ միաժամանակ դասավանդելով մաթեմատիկա: Եվ, չնայած նրա, որ մանկավարժ դառնալու ցանկություն մանկուց չի ունեցել՝ սիրել է իր աշխատանքը՝ բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ: Գոհար Գասպարյանի հետ հանդիպեցինք ուսուցչի օրվա կապակցությամբ: Նա տոնական էր տրամադրված, թեև վաղուց արդեն թոշակային տարիքում է, բայց հուզմունքով է հիշում դպրոցն ու աշակերտներին: Պատմում է, որ սկզբնական շրջանում իրենց դպրոցն անգամ սեփական տարածք չուներ, բայց … «Հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և ստեղծեցինք այնպիսի դպրոց, որն աշխարհին տվեց խոշոր գիտնականներ, բժիշկներ, դեսպաններ, անգամ նախարար»: Խոսելով այսօրվա կրթական համակարգի մասին եւ համեմատելով խորհրդայինի հետ, տիկին Գասպարյանը նկատում է. «Իմ տնօրինության տարիներին դպրոցներում որակյալ կրթություն էին տալիս, իսկ այսօր, դպրոցի գիտելիքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը գրեթե անհնար է: Աշակերտները գնում են անհատական պարապմունքների, և արդյունքում դասերը մղվում են ետին պլան: Այն ժամանակ նրանք հարգում էին ուսուցիչներին և տնօրենին, իսկ այսօր շատ եմ լսում, որ աշակերտը ծեծել է տնօրենին կամ ուսուցչին: Իմ դպրոցում էդպիսի դեպքեր երբեք չեն եղել: Հարգանք կար ուսուցչի հանդեպ»: Գալինա Խաչատուրովնան խոսեց նաև կրթական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների մասին. «Ես առաջին հերթին ուսումնական ծրագրերը կփոխեի, գրքերն ավելի հետաքրքիր և փոխկապակցված կդարձնեի, կրթական համակարգն ամբողջովին անվճար կդարձնեի, քանի որ եթե ուսուցիչը կախման մեջ է լինում ծնողից, չի կարողանում նրա երեխային անաչառ գնահատել: Սակայն փոփոխությունները պետք է վերևից արվեն»: Խոսելով իր կոչումների և շքանշանների մասին՝ Գոհար Գասպարյանը խոստովանեց, որ երկու անգամ իրեն վաստակավոր ուսուցչի կոչման են ուզել ներկայացնել, բայց ինքը գերադասել է երիտասարդների խրախուսել կոչումներով. «Մտածում էի, որ դեռ կհասցնեմ, սակայն ժամանակները խառնվեցին և վաստակավոր ուսուցչի կոչում այդպես էլ չստացա»։ Գալինա Խաչատուրովնան ունի բազմաթիվ պետական մրցանակներ, շնորհակալագրեր, բայց կարծում է, որ մանկավարժի ամենակարևոր մրցանակն իր աշակերտների և աշխատակազմի սերն ու հարգանքն են: Անի Ամիրխանյան ՀՊՄՀ Հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի