«Կարճ ասած՝ գոյատեւում ենք» (տեսանյութ)
Կարկուտը ոչնչացրել է Լոռու մարզի Շահումյան համայնքի բնակիչ Լենդրուշ Խաչատրյանի 9 հեկտար խոտհարքը։ Անասունների համար ձմեռվա կերը ստիպված է գնել։ Իսկ անասնապահությամբ զբաղվող գյուղացու համար դա նշանակում է՝ ամբողջ տարի աշխատել առանց եկամտի. «Եկամուտ չի բերում, որովհետեւ պետությունը ոչնչով չի աջակցում։ Ոչ մի աջակցություն չստացա, բայց հարկ ու նալոգը մուծեցի։ Էսօր մի լիտր կաթը ծախում եմ 150 դրամ, կթվորի փող եմ տալիս, տավարածին փող եմ տալիս, տեղի, տրանսպորտի փող եմ տալիս, 150 դրամով եմ ծախում, էլ օգուտ կլինի՞»։ Երիտասարդների զգալի մասը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Արսենը գյուղում մնացած եզակի երիտասարդներից է։ Ծնողների հետ է մնացել, իսկ եղբայրը մեկնել է արտագնա աշխատանքի, բայց նրա ուղարկած գումարը հազիվ է օրվա հացին ու կոմունալ ծախսերին բավարարում։ Շահումյան համայնքը շատ մոտ է Լոռու մարզկենտրոնին՝ Վանաձորին, բայց այստեղ տաքսիները մարդկանց հրաժարվում են տուն հասցնել։ Գյուղում չեն էլ հիշում, թե ճանապարհները երբ են վերջին անգամ ասֆալտապատել։ Մանրամասները՝ տեսանյութում