Ստորագրված 2796 թերթիկ կհանձնվի քաղաքապետարան
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանը նաև մեր քաղաքն է» ստորագրահավաքի նախաձեռնողները քաղաքապետարանին կհանձնեն ստորագրված 2796 թերթիկները, որոնցով քաղաքացիները կոչ են անում ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը: Ստորագրահավաքը նախաձեռնել է Disabilityinfo.am-ը՝ «Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ: Մեկ ամիս նախաձեռնող խմբի անդամները շրջել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հնարավորություն ընձեռել քաղաքացիներին միանալու նախաձեռնությանը: Այս տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի մատչելիության համար հատկացրել է 70 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի շենքերի գունազարդմանը և Երևանի տոնակատարությանը տրամադրել էր ավելի քան 310 մլն դրամ: «Իհարկե, քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, և հնարավոր չէ ամեն ինչ միանգամից լուծել, բայց համոզված ենք՝ զգալի փոփոխության համար պետք է մի քանի անգամ ավելացնել մատչելիությանն ուղղված ծախսերը,- նշում է Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը: - Տարբեր առիթներով լսել եմ՝ իբր շարքային երևանցուն չի հետաքրքրում մեր բարձրացրած մատչելիության խնդիրը, թեև չեմ կարծում, որ որևէ մեկը հարցրել է նրան, թե ինչ է ուզում իր քաղաքի համար: Այս նախաձեռնության նպատակն է նաև ցույց տալ, որ մեր համաքաղաքացիները ևս կարևորում են բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը և գիտակցում են, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»: Հիշեցնենք, որ Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 61.000 մարդ: Անմատչելի միջավայրի պատճառով նրանց մեծ մասը զրկված է ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ հաստատություններ այցելելու հնարավորությունից: