Դեղերը ստիպված թանկացնելու են (տեսանյութ)
Դեռևս հուլիսին առևտրի և ծառայությունների մասին օրենքում եղան փոփոխություններ՝ կապված դրոշմապիտակավորման հետ և շամպունների, օճառի և այլ նման պարագանների հետ միասին դեղամիջոցները ևս հայտնվեցին այդ ցուցակում, այսինքն՝ արդեն պահանջվում է , որ դեղամիջոցները հոկտեմբերի 31-ից հետո պետք է դրոշմապիտակավորվեն։ Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Վերջինս շեշտեց, որ օրենքում նման փոփոխություններ կատարելուց առաջ նախևառաջ անհրաժեշտ է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածի հետ, ինչը, սակայն, բանախոսի հավաստմամբ, տեղի չի ունեցել։ Արագացված ընթացակարգով մտել է Ազգային ժողով, հաստատվել, և մեկ ամիս առաջ նախագահի կողմից ստորագրվել։ Փորձագետի խոսքերով՝ դա հանգեցնելու է մի շարք խնդիրների և առաջին հերթին ՝ մատակարարման անհնարության։ «Դա ուղղակի կպարալիզացնի ներմուծողների և արտադրողների՝ ժամանակին դեղատներին դեղ հասցնելու հնարավորությունը, իսկ երկրորդը՝ տարբեր դեղեր տարբեր մատերիալներից փաթեթավորում ունեն, և հնարավոր չէ ջրի կամ հյութի նման ինչ-որ հոսքագծով դրոշմապիտակավորել։ Արդյունքում պահանջվելու է մեծ աշխատուժ՝ ձեռքով պիտակավորելու համար, իսկ դա իր հերթին հանգեցնելու է ֆինանսական խոշոր ծախսերի, կամ եթե նույնիսկ մենք կարողանանք դա իրականացնել , ապա ինքնին հասկանալի է, որ դա ազդելու է նաև դեղերի գնի վրա»,-ասաց նա։ Փորձագետը նաև նշում է, որ սրա պատճառը պայքարն է ստվերի դեմ, սակայն նրա հավաստմամբ՝ դեղերի շուկան այսօր ամենապարզ և թափանցիկ շուկան է, քանի որ մաքսակետերում ստուգվելուց բացի, Առողջապահության նախարարությունը ևս վերստուգում է այն. «Այսինքն՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ մինչև վերջին սրվակը կամ վերջին դեղահաբը բոլորը գրանցվում են»։ Սամվել Զաքարյանը նշեց, որ սա պարզապես անիմաստ փոփոխություն է, և բացի մասնավոր հատվածի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելուց, ոչ մի այլ արդյունքի չի հանգեցնի։