Ֆինանսներ կան, բայց Հյուսիս-հարավի կառուցումը ձգձգվում է. Էկոլուր
Ասիական զարգացման բանկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար 3 տրանշով արդեն տրամադրել է 330 միլիոն դոլար: Այս մասին ասաց Ասիական զարգացման բանկի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանը հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամ Մոնիկա Երիցյանը: «Այս ճանապարհը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի և շատ ցավալի է, որ այն ներկայումս գտնվում է կիսատ-պռատ վիճակում: Ասիական զարգացման բանկն իր կողմից բոլոր պարտականությունները կատարել է, բոլոր գումարները փոխանցել է, սակայն մենք տեսնում ենք, որ ճանապարհի կառուցումը ոչ մի կերպ չի ավարտվում…Ես չգիտեմ՝ ուր են գնացել այդ գումարները: Բացի նրանից, որ դուք եք ֆինանսավորում, տարբեր ներդրումներ են արվում, և կրկին ճանապարհ չկա: Խայտառակ վիճակ է, չորս կողմից շրջափակված ենք, մի ճանապարհ էինք ուզում կառուցել, այն էլ նման ձախողման ենթարկվեց», - հանդիպման ժամանակ ասաց Սիլվա Ադամյանը: Հարցին, թե արդյոք բանկն իր կողմից իրականացրել է մոնիտորինգ՝ ինչպես են բաշխվել այդ գումարները, Արեգ Բարսեղյանը պատասխանեց. «Մինչ այժմ տրամադրված տրանշերով վարկերն ամբողջությամբ չեն ծախսվել»: «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը զարմացած հարցրեց. «Մի՞թե բանկին չի հետաքրքրում այդ գումարների ճակատագիրը: Ոչ մի բանկ գումար հենց այնպես չի տալիս, որ ոնց տան, այդպես էլ մնա: Սա հետևանքներ ունի որոշակի տոկոսների տեսքով, որը նստում է մեր վզին: Բանկը տոկոսով փող է տվել կառավարությանը, այնտեղ ոչինչ չեն անում, իսկ մենք տոկոսի տակ ենք ընկնում»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում