Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսվարողների հարցում լավ կլիներ՝ հետեւեինք թուրքերի օրինակին» (տեսանյութ)

Տնտեսություն
52bb59f87ca87a67b4bd8b01df68897d

ԵՏՄ-ին միանալուց հետո կանխատեսվում է, որ Հայաստանի ձկնարտադրողները խնդիր կունենան ձկան կերի ներմուծման հետ կապված: Այսօր հայտարարեց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: «Քանի որ ռուսական կեր չենք ներմուծում, ավելի ցածր գներով ձկան կեր են ներմուծում եվրոպական երկրներից: Եվրոպական կերը ավելի որակով է»,- լրագրողներին հայտնեց նա: Անդրադառնալով հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանման ծավալները կավելանան, պարոն Աթոյանը նշեց, որ արտահանման ծավալները կմնան նույնը: Սակայն նրան ցավ է պատճառում այն հանգամանքը, որ ռուսական շուկայում թուրքական ձկնամթերքը ավելի ցածր գին ունի, քան հայկականը: «Թուրքական կառավարությունը ռիսկերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա, եւ լավ կլիներ, որ հայկական կողմը հետեւեր թուրքերի օրինակին, որպեսզի տնտեսվարողները չենթարկվեին ցնցումների»,- ասաց նա: «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը միաժամանակ նշում է, որ հայկական ձկնամթերքը ավելի բարձր որակ ունի, եւ եղել են դեպքեր, երբ թուրքական ձկնամթերքը վաճառվել է հայկական ապրանքի տակ: Թե այս տարի քանի տոննա ձկնամթերք է արտահանվել, դեռ պարզ չէ, սակայն իշխան ձկնամթերքի պահանջարկը արտաքին շուկայում ավելի մեծ է, քան թառափինը: Այժմ մենք ապրանքային իշխան ձուկ չունենք եւ արտադրանքը հազիվ բավարարում է ներքին շուկային: