«Քաղաքը»
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։ Սրահներից մեկում թանգարանի ֆոնդերում պահվող կտավներ են՝ 20-րդ դարասկզբի նկարիչներ Վահրամ Գաֆեսճյանի, Գևորգ Հովսեփյանի, Արարատ Ղարիբյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Լևոն Հակոբյանի. Երևանի 1930-ականների համայնապատկերներն են՝ 35 աշխատանք: Մյուս սրահում մերօրյա Երևանն է՝ քաղաքանկարի ժանրի նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը «Քաղաքը» խորագրով 32 քաղաքային պատկեր է ներկայացնում։ Պետո Պողոսյանը հայաստանյան, իսկ միջազգային ցուցահանդեսներում ու մրցույթներում հաղթանակների շնորհիվ նաև աշխարհի շատ քաղաքների արվեստասերներին հայտնի է ջրաներկ աշխատանքներով, որոնցում արդի քաղաքի, մասնավորապես, Երևանի կյանքն է, մայրաքաղաքային մթնոլորտը, երևանյան տրամադրությունը՝ տարբեր դիտանկյուններից։ «Քաղաքի լարման կետերն եմ դուրս բերում ու մատուցում նկարչությամբ»,- բնութագրել է նկարիչը։ «Քաղաքը» Պետո Պողոսյանի 7-րդ անհատական ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 9-ը։