Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագետները զգուշացնում են ֆլուորեսցենտային լամպերի վնասների մասին

Հասարակություն
100916183019

Թեպետ Հայաստանի Հանրապետությունը 2013թ-ին վավերացրել է սնդիկի օգտագործումը սահմանափակող Մինամատայի կոնվենցիան, բայց հայաստանյան շուկայում սնդիկ պարունակող արտադրանքների վաճառքի սահմանափակում դեռ չկա: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն Եվրոպայի բնապահպանական բյուրոյի և Զրո սնդիկ աշխատանքային խմբի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում սնդիկ պարունակող արտադրանքներից աստիճանական հրաժարում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրել է հայաստանյան շուկան եւ պարզել, որ այստեղ սնդիկ պարունակող արտադրանքների մասին տվյալներ հավաքել ներկայումս անհնար է: «Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են երեխայի զարգացման համար: Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան: Քրոնիկ թունավորումները տեղի են ունենում մարդու վրա սնդիկի գոլորշիների ցածր չափաքանակներով երկարատև ազդեցության պատճառով»- տեղեկացնում է ՀԿ-ն: Կազմակերպության կատարած հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սնդիկի առկայություն կոսմետիկական միջոցներում և մանկական խաղալիքներում, ինչպես նաեւ շուկայում ավելացել են սնդիկ պարունակող ֆլուորեսցենտային լամպերի վաճառքի ծավալները: «Հիմնական խնդիրն այն է, որ այդ լամպերը պարունակում են զգալի քանակությամբ սնդիկ (2 - 5մգ), որը վտանգավոր է առողջության համար: Ըստ մեր գնահատականի` տարեկան մոտ 700 000 լամպ է մուտք գործում հայաստանյան շուկա, իսկ դա նշանակում է, որ այդ լամպերի հետ միասին Հայաստանի շուկա է մտնում մոտ 3,5 կգ սնդիկ», - նշում է հասարակական կազմակերպությունը: ՀԿՀԱԱՇՄ-ն կարծում է, որ սնդիկի ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար ավելի խելամիտ է սնդիկ պարունակող ցերակային լամպերի փոխարեն խրախուսել աստիճանական անցումը լուսադիոդային լամպերի կիրառությանը: Էկոլուր