Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգյան հոգևոր ճեմարանը 140 տարեկան է

Հասարակություն
Gevorgyan

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ: Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը հղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը: Նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ 140 տարեկան, և այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, բոլոր ժամանակների ճեմարանականների, այնպես էլ ողջ հայության համար, քանի որ Գևորգյան հոգևոր ճեմարանն է անդրանիկը` հայրենիքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների: Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի մի շող հայ ժողովրդի գոյության խավար ճանապարհներին: Այստեղից ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկներն ամենատարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած Աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, ովքեր հիրավի իրենց տեղը զբաղեցրին մեր մեծերի համաստեղության մեջ: Անգնահատելի է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավանդը հայրենի գրականության, գիտության, հասարակական-քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Ճեմարանն այսօր ևս շարունակում է մնալ իր բարձունքի վրա»: ՀՀ ԿԳՆ