Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պատվաստանյութ չկա

Կարևոր լուրեր Հասարակություն
ebola

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է: Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում: Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են (այդպիսիք Հայաստանում չկան): Վիրուսը մարդկանց է փոխանցվում չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծամներ) հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով: Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչև 21 օր է: Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝ մեկուսացման պայմաններում: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկական մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև` Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում կա։ Պետք է նշել, որ հիվանդությունը 2012 թվականի դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից 4000-ը` մահվան ելքով: Բացի աֆրիկական երկրներից էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, և թե՛ ամերիկյան տարածաշրջանի երկրներում, մասնավորապես` Իսպանիայում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 2 դեպք: Վերջիններս եղել են վանականեր, ովքեր աֆրիկական երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների: Այնուհետև հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) և 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր և նրա ամուսինը): Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Թագավորությունում և Չեխիայում: 2014 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրվել էր մեկ հիվանդ (Թոմաս Դունկան, ով Լիբերիայից գնացել է Տեխասի նահանգ` հարազատների մոտ): Հոկտեմբերի 9-ին հիվանդը մահացել է: 80 կոնտակտավոր մեկուսացված են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ: Կասկածելի դեպք է արձանագրվել նաև Բրազիլիայում (հետազոտության ընթացքում է): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է` - Բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման համար: - Միջազգային նշանակության օդանավակայաններում ձևավորել կարողություններ տենդով ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար: - Իրազեկել ուղևորներին ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին: Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հետևյալ միջոցառումները` - ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ - Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ - Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ - Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ - Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։ - Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։ - Ձերք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է` ախտորոշիչ համակարգեր։ - Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։ - Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն: Աշխատանքները շարունակվում են։ ebol1