Կոնդեցիները ստիպված են լեզու գտնել առնետների հետ (տեսանյութ)
80-ամյա Մարտին Գալստյանը ծննդյան օրից ապրում է Կոնդում։ Հիշողության մեջ միայն խոստումներ են՝ թաղամասը քանդելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու մասին։ «50 տարիա ասում են՝ էս տարի կքանդենք, մյուս տարի կքանդենք ու սենց խաբված մնացել ենք։ Լավ տեղա բարձունքում, ապրելու համար լավա։ Եթե լավ շենքեր գցեին, էստեղ ամենալավ տեղը կլիներ ապրելու համար, բայց չարեցին»,-ասում է Գալստյանը։ Շենք, այնուամենայնիվ, կառուցեցին, բայց կիսատ։ Պետական գերակա շահ ճանաչված Կոնդում կառուցապատող «Դաուն Թաուն» կազմակերպությունը 7 տարի առաջ քանդեց Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքի տները, մի քանի ամիս մարդկանց տվեց վարձավճարները, իսկ հետո վերցրեց նրանց տների սեփականության վկայականներն ու աննկատ հեռացավ։ 2012 թվականի հունվարին պարզվեց, որ ընկերությունը լուծարված է, թեև այդ մասին փաստաթղթային որևէ վկայություն չկա։ Արդյունքում 220 ընտանիք՝ շուրջ 1000 մարդ, հայտնվեց փողոցում։ Բնակչության հիմնական մասը ոչ բնական գազ ունի, ոչ ջուր, ոչ էլ զուգարան։ Կոնդեցիներն արդեն ոչ խոստումներին են հավատում, ոչ էլ կնքվող պայմանագրերի զորությանը, քանի որ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքի շենքում տուն ունենալու համար պայմանագիր կնքածների մի մասն արդեն մահացել է, իսկ նրանց հարցը դեռ օդում կախված է մնում։ Իսկ կոնդեցիներն ամեն օր ստիպված են լեզու գտնել առնետների ու մկների հետ։ Վերջերս Քաղաքաշինության նախարարությանը դիմած բնակիչներին նախարարը խոստացել է. պայմանագիր կնքածների խնդիրը մեկուկես տարվա ընթացքում կլուծվի։ Եթե անգամ նրանց խնդիրը լուծում ստանա, կոնդեցիների մեծամասնությունը՝ ավելի քան 2800 ընտանիք, փաստորեն, դեռ շարունակելու է ապրել խոնավ ու տարրական պայմաններից զուրկ այս տներում։ Կոնդեցիները նշում են. հաճախ իրենց թաղամաս այցելող զբոսաշրջիկները զարմանքով լուսանկարում են տներն ու մշտապես հարցնում, թե 21-րդ դարում քաղաքի կենտրոնում ինչպե՞ս կարելի է ապրել նման պայմաններում։ Դիտեք նաեւ տեսանյութը