Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձանագրվում են սահմանամերձ գյուղերի հրատապ խնդիրները

Հասարակություն
10600629_821075887945084_3456451711495589589_n

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներն օրերս այցելել են Տավուշի մարզի մի քանի գյուղեր` առավել հրատապ խնդիրները արձանագրելու համար: Այդ խնդիրների մասին մեկ ամիս առաջ նամակներ են գրվել ՀՀ վարչապետին և համապատասխան նախարարներին: Պատասխանին դեռ սպասում են: Այնուհետև նախաձեռնության անդամները որոշեցին գեղեցիկ և հագեցած մեկ օր նվիրել սահմանամերձ գյուղերի երեխաներին: Քանի որ վերջիններս տարբեր պատճառներով անգամ իրենց մարզի տեսարժան և պատմամշակութային վայրերում երբևէ չէին եղել, քննարկումների արդյունքում որոշվեց կազմակերպել ճանաչողական էքսկուրսիա Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի աշակերտների համար: Եվ ահա, հոկտեմբերի 12-ին նախաձեռնության մի քանի անդամներ, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցից 22 աշակերտ ուղևորվեց դեպի Տավուշի մարզ, որտեղ նրանց միացան Այգեպարից ու Ներքին Կարմիրաղբյուրից 40 աշակերտ, ու բոլորը միասին գնացին նախ Հաղարծին, հետո` Գոշավանք: Մինչև նշված վայրեր այցելելը, երեխաները Տավուշի չքնաղ բնության գրկում նախաճաշեցին, հետո ծանոթացան միմյանց հետ, սովորեցին հայկական ավանդական մի քանի պար, ինչը էլ ավելի համախմբեց ու մտերմացրեց երեխաներին: Նախաձեռնության անդամները սա համարում են մեր միասնականությունը ևս մեկ անգամ հաստատող կարևոր քայլ ու վստահ են, որ միասին դեռ շատ անելիքներ ունեն: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ձևավորվել է այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին` հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակից հետո: Նախաձեռնությունում հավաքվել են մտահոգ մարդիկ, որոնք ցանկանում են ինչ-որ օգտակար քայլով մեր պետության սահմանին մոտ բնակվող մարդկանց հոգսերը մի քիչ թեթևացնել և նրանց առօրյան ավելի հետաքրքիր դարձնել: 10440863_821075837945089_7284689371824770594_n 10670175_821075907945082_8265354234356856259_n 10334353_821075877945085_5425921123942003132_n