Հաշմանդամություն ունեցող աղջիկը որոշել է «խաբել» գործատուին (տեսանյութ)
Ձեր դիպլոմները լավն են, մենք Ձեզ կզանգահարենք։ Այս արտահայտությունը լսելիս, աշխատանք փնտրող հաշմանդանդամություն ունեցող քաղաքացիները պարզապես ժպտում են։ Տեսողության խնդիրներ ունեցող Մարիկա Սիրադեղյանն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատանք է փնտրում, բայց ապարդյուն. «Ընդամենը ես տեսնում եմ մոտիկից, մյուսները՝ հեռվից»։ Մարիկան որոշել է՝ այսուհետ գործատուին հենց սկզբում չասել, թե խնդիր ունի. «Եթե գործատուները նկատեն, որ լավ չեմ տեսնում, դժվարանում եմ ու մոտիկից եմ նայում, ես այդ պահին կասեմ, որ դա ինձ չի խանգարում, եւ ես կկատարեմ իմ աշխատանքը ըստ պատշաճի»։ Պետությունը քայլեր է ձեռնարկում, որ հաշմանդամություն ունեցող անձինք այսպիսի խնդիրների առջեւ չկանգնեն։ Վստահեցնում է աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց՝ 100 եւ ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների աշխատողների 3 տոկոսը, պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք։ 2016 թվ-ից օրենքը վերաբերելու է նաեւ՝ ոչ պետական կազմակերպություններին. «Մեկ քվոտարման ենթակա աշխատանքի տեղը չապահովելու դեպքում, մասսհանումը 300 հազար դրամի չափով է, եւ այդ մասսհանումները նորից ուղղվելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջական վերականգնմանը, զբաղվածության ապահովմանը»,-ասում է Թադեւոս Ավետիսյանը։ Պետությունը մի նորություն էլ ունի հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։ Ուղեկցողի կարիք ունեցող անձինք կարող են ստանալ ուղեկցողի ծախսերի փոխհատուցում։ Մարիկա Սիրադեղյանը վստահ չէ, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինքն աշխատանք կգտնի։ Բայց 2015թ-ին ամեն օր դիմելու է գործատուներին։ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող՝ 195 հազար 925 մարդ կա։ Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9 տոկոս։