Մեկ դիակիզարանը չէր խանգարի. մասնագետ (տեսանյութ)
«Հայաստանը պետք է գոնե մեկ դիակիզարան ունենա»,-համոզված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը: Նա վստահեցնում է, որ հուղարկավորության կարգը Հայաստանում համապատասխանում է բոլոր չափորոշիչներին և երբեք չի կարող համաճարակի պատճառ դառնալ, բայց մեկ դիակիզարանը չէր խանգարի: «Դեռ 2006 թվականին օրենք ընդունվեց, որը նախատեսում էր դիակիզարան կառուցել Հայաստանում: Սա բազմաթիվ բանավեճերի պատճառ դարձավ, քանի որ մեր եկեղեցին դեմ է, բայց ոչ մի երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և Աստված մի արասցե՝ մի արտակարգ դեպք պատահի, որի պատճառով զանգվածային մահվան դեպքեր գրանցվեն, դիակիզարանի կարիք մենք շատ կզգանք»,-մեկնաբանում է նա: Տիկին Պետիկյանը նկատում է, որ մեր երկրում նաև ազգային փոքրամասնություններ են ապրում, որոնք գուցե կողմ են դիակիզմանը: Նա հիշեցնում է, որ դիակիզումը կամովի երևույթ է և երբեք չի կարող պարտադրվել: Իսկ թե ինչու մինչև հիմա դիակիզարան չի կառուցվել, Առողջապահության նախարարության աշխատակիցը խնդրեց նման հարցրերով դիմել համապատասխան մարմիններին: