«Տոնուս»-ի բնակիչներին նոր առաջարկ է ներկայացվել
Բնակարանի յուրաքանչյուր քմ-ի համար լրացուցիչ 80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ավելացում։ Այս առաջարկն այսօր ներկայացվել է «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներին, ովքեր դեռ 10 տարի առաջ գումարներ են մուծել՝ բնակարան ստանալու համար։ Այսօր տեղի է ունեցել քննարկում «Արցախբանկի», կառավարության եւ բնակիչների միջեւ։ Իսկ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն յուրաքանչյուր քմ-ի համար 80 դոլար վճարել, կարող են վճարած գումարի միայն 86 %-ը ետ ստանալ։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց բնակիչներից Աննա Մկրտչյանը, իրենք համաձայնել են առաջարկած պայմաններին, իսկ այն մարդիկ, ովքեր դատարանում վիճարկում են գրավի պայմանագիրը, պետք է հայցը հետ վերցնեն։ «Տոնուս» ընկերությունը սնանկ էր ճանաչվել, իսկ նրանց բնակարանները գրավադրվել էին «Արցախբանկ»-ում։ «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանը նրանց տեղեկացրել է, որ մնացած գումարը կմուծեն այն ժամանակ, երբ շինարարությունը սկսի, իսկ բոլոր մուծումներն անելուց հետո կստանան սեփականության վկայականները։ Դեռ այս տարվա մայիս ամսին բանկի սեփականատերերը բնակիչներին առաջարկել էին 70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մուծել՝ խնդրի լուծման համար, սակայն ոչինչ չէր արվել այդ ուղղությամբ։