Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք ապահովագրված չէ հարձակումներից. փորձագետ (տեսանյութ)

Հասարակություն
8df07eb366e9bc1c7c5c8198a308a2d8

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ադրբեջանական հակահայ քարոզչական մեքենան թուլացել է այն բանից հետո, երբ Ալիևի հրամանով հեռացվեց Էլնուր Ասլանովը, ով համակարգում էր այդ քարոզչությունը։ «Այն հոդվածները, որոնք հիմա հրապարակվում են Ադրբեջանում, որակով շատ ընկել են և դարձել են թյուրիմացություն: Ամենավերջին զարգացումներից մեկն էլ այն է, որ ադրբեջանական քարոզչությունը սևեռվել է դիվերսանտների վրա: Նրանք փորձում են ներկայացնել, որ հայերը գերեվարում են դիվերսանտներին, նրանց կտտանքների են ենթարկում և այլն, այսինքն՝ այդ կերպ սոցցանցերի միջոցով փորձում են այլ երկրների ուշադրությունը գրավել, և իմաստը այն է, որ իբր թե փրկեն ադրբեջանցի դիվերսանտներին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը անհանգստություն է հայտնում, որ մեզ մոտ այն կայքերը, որոնք տիրապետում են բավականին լուրջ ինֆորմացիայի, պատշաճ կարգի չեն պահպանում անվտանգություն. «Օրինակ կան էլեկտրոնային առևտրի ոլորտի կամ բանկային ինֆորմացիա պարունակող կայքեր. երբ նրանց վրա հարձակում է լինում, նրանք գաղտնի են դա պահում, չեն ասում, որ տվյալների արտահոսք է եղել, ինչը լուրջ թերություն է: Հանրությունը պետք է սկսի պահանջել, որպեսզի նման հարձակումների մասին մարդկանց տեղյակ պահեն:Եվ պետք է նշեմ, որ վերջին երկու ամիսների ընթացքում լուրջ հարձակման երկու դեպք է գրանցվել՝ մեկը Կենտրոնական բանկի, մյուսը՝ Արարատբանկի կայքերն են»,-ասաց նա: Ըստ բանախոսի՝ հիմա կիբեր հարձակումները բավականին թուլացել են: Բանախոսի հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է այսօր Հայաստանը պաշտպանված կիբերհարձակումներից։ Այս կապակցությամբ Սամվել Մարտիրոսյանը ի պատասխան նշեց, մեզ մոտ այդ հարձակումները լինում են ոչ միայն ադրբեջանցիների,այլ նաև այլ ազգերի հակերների կողմից, օրինակ բրազիլացիների կամ մարոկացիների. «Նման հարձակումներ հիմնականում մասնավոր հատվածի կայքերի վրա են լինում, իսկ պետական-պաշտոնական լուրջ նշանակության կայքեր այդ առումով բավականին հզոր են»։ Նա նշեց նաև, որ կիբեր հարձակումները նորմալ երևույթ է նաև Ռուսաստանի նման գերտերության համար, որը այս շրջանում տեղի է ունենում հիմնականում ուկրաինացիների կողմից՝ բանկային, տեղեկատվական կամ նման այլ կարևոր ոլորտները թուլացնելու համար, և դրանից որևէ մեկը ապահովագրված չէ: