Շաքարավազի շուկայում ովքեր են Ս. Ալեքսանյանի մրցակիցները (տեսանյութ)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չգիտի, թե հայկական շուկայում ովքեր են շաքարի ներկրմամբ զբաղվող Սամվել Ալեքսանյանի մրցակիցները. «Շաքարավազի շուկայի մեծ մասը՝ մոտ 99 տոկոսը, պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը»։ Ինքը, եթե անկեղծ լինենք, Սամվել Ալեքսանյանի հետ գործ չունի, այլ՝ տնտեսվարող կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց, իսկ շաքարավազի ներկրման մենաշնորհն արդարացնում է՝ դասականին (Սերժ Սարգսյանին-խմբ.) մեջբերելով. «Մեր երկիրը փոքր է, մեր շուկաները սահմանափակ են»։ Հանձնաժողովի նախագահն ուզում է իմանալ՝ ո՞րն է Սամվել Ալեքսանյանի ընկերության մեղքը, որ ինքը շուկայի մենատնտեսն է շաքարավազի ներկրման ոլորտում, մարդը օբյեկտիվորեն է մենատնտես. «Այն ընկերությունները, որ կարող են մեծ խմբաքանակով ներմուծել, մեծ խմբաքանակով ձեռք բերել միջազգային շուկաներից եւ իրականացնել տրանսպորտային ծախսերը, բնականաբար այդ ընկերությունները, մեծ ընկերությունները մրցակցային առավելություն կստանան եւ փոքր ընկերություններն օբյեկտիվորեն չեն կարող խոշորների հետ մրցակցել»։ Սամվել Ալեքսանյանի օգտին վերջին փաստարկը տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը վկայակոչեց՝ հիշելով տարածաշրջանային զարգացումները. «Մենք շրջափակման մեջ ենք գտնվում, եւ մեր շուկաները սահմանափակ են»։ Ի դեպ, պարոն Շաբոյանն անձամբ երբեք չի տեսել, որ շաքարի հումքի փոխարեն Սամվել Ալեքսանյանը հենց պատրաստի շաքարավազ է ներկրում. «Դա մեր խնդիրը չի հանդիսանում»։