Արևային էներգիան կարող է փոխարինել գազին (տեսանյութ)
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության փորձագետ Կարեն Արաբյանը համոզված է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելցուկ չկա և չի էլ կարող լինել, իսկ էներգետիկ հզորությունը հիմնված է 4 կարևոր գործոնների վրա, որոնցից մեկը՝ ատոմային, իսկ երկրորդը՝ վերականգնվող էներգետիկան է։ «Այսինքն՝ պետք է զարգացնել այդ երկու կարևոր բաղադրիչները, և փաստը կայանում է նրանում, որ նրանք իրար չեն կարող խանգարել»,-ասաց Կարեն Արաբյանը։ Վերջինս շեշտում է նաև, որ չպետք է կարծել, թե արևի էներգիան թանկ է, քան բնական գազով աշխատող թվացյալ էժան էներգիան։ «Դուք նշում եք, որ այն թանկ է, սակայն իրականում այն թանկ չի , թանկը պետք է դիտարկել իր շահագործման ժամկետում։ Այսինքն վերականգնվող էներգետիկայի առանձնահատկությունն այն է, որ նախնական փուլում այն բարձր կապիտալ է պահանջում, համեմատ ասենք ՋԷԿ-երի, կամ ատոմակայանի, սակայն շահագործման ծախսերը համարյա զրո են»։ Փորձագետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Հայաստանում գրեթե չկա քամի, որի միջոցով հնարավոր լինի էներգիա ստանալ։ Նրա խոսքերով՝ կան հստակ տվյալներ, որ քամու տնտեսապես արդարացված պոտենցիալը մոտ 300 մեգավատ է, որը արտադրությամբ հավասար է մեր ատոմակայանի մեկ բլոկի 30-50%-ին։Նրան զարմացրել էր նաև այն տեսակետները, որ ատոմակայանի չաշխատելու պարագայում մարդկությունը հետընթաց է ապրելու. «Ամիսներ են լինում նաև, որ ատոմակայանը չի աշխատում, կամ հենց էս նույն պահին մեր ատոմակայանը չի աշխատում, ուրեմն ի՞նչ, մենք քարե դա՞ր ենք ապրում»։ Փորձագետը նշում է, որ ինքը դեմ չէ նոր ատոմակայանի կառուցմանը, սակայն այդ ատոմակայանը չպետք է լինի 1000մեգավատ հզորությամբ, այլ ավելի փոքր հզորությամբ, քանի որ 1000 մեգավատ հզորություն մեզ անհրաժեշտ չէ։ Այս կապակցությամբ պարոն Արաբյանը շեշտեց. «Սպառում չի լինի այդ դեպքում, և ինքը խիստ անարդյունավետ է լինելու, իսկ էներգետիկայի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պետք է այն կիրառել ամբողջ հզորությամբ, իսկ եթե այդպես չեք աշխատեցնելու, ուրեմն ֆիքսված ծախսերը և ինքնարժեքը զգալի բարձրացնելու են»։ Այնուհետ նա հավելեց նաև, որ էներգետիկան միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը չէ, այլ նաև ջեռուցումը, և այս պահին արևային էներգիան հանգիստ կարող է փոխարինել գազին։