«Կեսարիոյ նախճիրները» պատմում է հայի ցավի, ճիչի մասին»
Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սոսի Ղազարյան-Գևոնյանի խմբագրությամբ իր պապ Հայկ Ղազարյանի հուշագրության՝ «Կեսարիոյ նախճիրները» խորագրով գրքի շնորհանդեսը: Սոսի Ղազարյան-Գևոնյանի պապը՝ սիրիահայ գրող, հրապարակախոս, լրագրող Հայկ Ղազարյանն իր զավակներին պատմել է և մասամբ էլ գրի է առել 1915-1922թթ. Կեսարիայում տեղի ունեցած Ցեղասպանության և հայերի գաղթի վերաբերյալ իր հիշողությունները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բարձր գնահատեց գրքի լույսընծայումը՝ նշելով. «Մեր Դատի, մեր ցավի, մեր ճիչի մասին է այս գիրքը: Շնորհակալ եմ, սիրելի՛ Սոսի, որ կրելով հայ կնոջ ճակատագիրը, դեգերելով երկրե երկիր, ի վերջո որոշեցիր հաստատվել Հայրենիքում և այսօր արդեն Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին ներկայացնում ես աղբյուրագիտական նշանակություն ունեցող քո մեծ հոր հուշագրությունը: Այսօր մենք գրեթե չունենք վերապրողներ, բայց ունենք վերապրողների ընտանիքներ և պարտավոր ենք հավաքել, ամբողջացնել բոլոր հուշագրություններն ու բանավոր զրույցները 20-րդ դարասկզբի մեծ ոճիրի մասին», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար կարևոր զենքերից մեկը պատմական հիշողություններն են, որոնք անհրաժեշտ է թարգմանաբար ներկայացնել այլ երկրներին: Գերատեսչության ղեկավարն ուրախությամբ շեշտեց, որ այս աշխատությունը Սոսի Ղազարյան-Գևոնյանի 10-րդ գիրքն է, և համոզմունք հայտնեց, որ հետագայում ևս հեղինակը հանդես կգա նորանոր աշխատանքներով: Բարձր գնահատելով Հայաստանում և Սփյուռքում բարեգործական, հասարակական գործունեությունը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում ունեցած ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Սոսի Ղազարյան-Գևոնյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Այնուհետև «Կեսարիոյ նախճիրները» գրքի պատմական արժեքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց. «Հայկ Ղազարյանի հուշերն ընթերցելիս ևւս մեկ անգամ տեսանելի է դառնում, որ Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայի պետական իշխանությունների կողմից ծրագրված և հետևողականորեն իրականացված ծրագիր էր»: Գրքի բանասիրական արժեքի մասին խոսեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա նշեց, որ գիրքը շարադրված է բացառիկ մաքուր արևմտահայերենով: «Երկար տարիներ աշխատելով որպես լրագրող՝ Հայկ Ղազարյանն իր հուշերը շարադրել է գրքի տեսքով և նվաստացումների միջով անցած մտավորականի հուշերում մաղձը տեղ չի գտել, այլ ամփոփվել է միայն ցավը: Հայկ Ղազարյանի նման անհատականությունների շնորհիվ է պահպանվում մեր ժողովրդի մարդկային նկարագիրը»: Ելույթներով հանդես եկան «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի խմբագիր Նայիրի Մկրտչյան-Տաղլյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը և այլք: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարարին՝ գրքի հեղինակ Սոսի Ղազարյան-Գևոնյանը նշեց. «Պապիս մասին ուզում եմ ասել, որ փոքր տարիքից իմ մեջ եղած մեծ ակնածանքը նրա անձի հանդեպ վերափոխվեց տառապանքի, երբ իմացա, թե ինչպիսի նվաստացումների են ենթարկել նրան թուրքերը: Եվ այսօր ուրախ եմ, որ այստեղ, այս սրահում Հայկ Ղազարյանը չի մոռացվել և պատվվում է»: