Մենք դարձել ենք սպառողական հասարակություն.Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 2015թվականի բյուջեն համարում է վախվորած և այդ բյուջեից նա դրական ակնկալիքներ չունի։ «Ես լուծումներ չեմ տեսնում։ Մենք հիմա էլ ինչի հաշվին ենք մեր աշխատավարձերը բարձրացնում ՝ այն բանի հաշվին, որ արտաքին պարտք ենք կուտակում»,-ասաց նա։ Այս համատեքստում խոսելով նաև արտաքին պարտքի մասին՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Մենք հիմա աշխատում ենք, պարտք ենք փակում, հետո նորից պարտք ենք կուտակում, որպեսզի 10-15 կամ 20 տարի հետո հաջորդ սերունդը գա և դրա փոխարեն վճարի։ Լավ, կարող ես էլի պարտք վերցնես, էլի կարող ես էս վիճակից դուրս գալ, բայց գոնե դրա արդյունքում մի բան ստեղծես։ Արդյունքում ստացվում է, որ մենք դարձել ենք ուղղակի սպառողական մի հասարակություն։ Այդ պարտքը մենք սպառում ենք պարզապես մեր առօրյա արտադրական, կամ պետական նշանակության որոշ բաների վրա։ Որևէ զարգացում չենք ապահովում»։ Տնտեսագետի խոսքերով՝ 9 ամսվա տվյալների ամփոփումից ստացվում է, որ 2014թվականին 2013-ի համեմատ ոչ մի տնտեսական աճ չի գրանցվել։ «Հարկերը միշտ կատարվում է 100%,բայց ծախսերը երբեք 100%-ով չի կատարվում, 85-90% է, և դրա համար բացատրություններ չի տրվում։ Թվում է, թե եթե քիչ են ծախսել, ուրեմն լավ է։ Սակայն դա այդպես չէ»։ Ըստ Վահագն Խաչատրյանի՝ դա նշանակում է, որ տնտեսության մեջ գումարներ չեն մտնում, ներդրումներ չեն կատարվում և զարգացում չի լինում. «Հայաստանը ընդհանրապես ռազմավարություն չունի»։ Նա չի կիսում նաև այն կարծիքները, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ներդրումները Հայաստանում ավելանալու են ։ Հակառակը՝ բանախոսը պնդում է, որ այժմ ԵՏՄ-ի անդամ պետություններում և հատկապես Ռուսաստանում հիմա տնտեսական ճգնաժամ է, ուստի ներդրումներ պետք չէ ակնկալել։