Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի և Արևմուտքի միջև (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar1

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ ձեռք բերված համաձայնությունը կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար` տարբեր ոլորտներում համագործակցելու առումով,մասնավորապես էներգետիկայի ոլորտում»,- շեշտում է իրանագետ Ռուդիկ Դանիելյանը: Վերջինիս համոզմունք է հայտնում, որ Հայաստանը հեռանկարում հնարավորություն ունի առավել ակտիվ ներգրավվելու տարածաշրջանային գործընթացների մեջ, և ի վերջո, Իրանի համար դառնալ այն կամուրջը, որը կկապի Իրանն ու Արևմուտքը` հաշվի առնելով նաև տարածաշրջանային այն իրավիճակը, որն այսօր տիրում է: Նրա կարծիքով` այդ հարցում Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանա Հայաստանի համար: Ըստ պարոն Դանիելյանի` միջուկային խնդիրը շատ կարևոր իրադարձություն է ոչ միայն Իրանի,այլև ամբողջ տարածաշրջանի համար: Իրանագետը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են Իրանի այս նոր դերակատարմանը, որը սակայն, չենք կարող ասել Թուրքիայի կամ Պարսից ծոցի երկրների մասին՝ այս համատեքստում հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: «Էրդողանը հստակ հայտարարեց, որ իրենք պատրաստ չեն Իրանի ակտիվ դերակատարմանը տարածաշրջանում: Թուրքիան վերջին տարիներին ջանք չի խնայել համոզելու իրանական իշխանություններին, որ իրենք կարող են այդ տարանցիկ երկրի դերը ստանձնել Իրանի էներգետիկ ռեսուրսների համար, սակայն ինչպես ցույց են տալիս գործընթացները, Իրանն այնքան էլ հակված չի Թուրքիային դիտարկելու այդ դերում: Հենց սրանով էլ պայմանավորված է Թուրքիայի նախագահի հակաիրնական կոշտ հայտարարությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Ռուդիկ Դանիելյանը: Թե ինչ իրադարձություններ կհաջորդեն այս ամենին, իրանագետը չի շտապում եզրակացություններ անել: Իսկ արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ իր հերթին նկատում է, որ ամենաջղաձիգ արձագանքն Իսրայելինն էր, քանի որ Իսրայելն ու ԱՄՆ-ն այս բոլոր գործընթացներում հետապնդում են միևնույն նպատակը, սակայն գործում են տարբեր ուղղություններով: «Եթե ԱՄՆ-ն փորձում է խնդիրը խաղաղ, դիվանագիտական ճանապարհներով կարգավորել,ապա Իսրայելն ամեն կերպ ուզում է ճնշում գործադրի, որպեսզի Իրանն ավելի շատ զիջումների գնա»,-նշում է Արմեն Պետրոսյանը: