Սպանության գործով 2 անձ է հետախուզվում
44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։ Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը։ Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա.Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից և երկու հոգով ծեծել։ Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել՝ Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին