Հնչեցին կոմպոզիտորի՝ 100 տարի առաջ գրած ստեղծագործությունները
Ապրիլի 21-ի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում հնչեցին կոմպոզիտորի՝ 100 տարի առաջ գրած ստեղծագործությունները: «Առ Հայաստան» և «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» վոկալ-սիմֆոնիկ գործերը Սպենդիարյանն ստեղծել է 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածների անմիջական ազդեցությամբ:
Երեկ երեկոյան կոմպոզիտորի տան բակի ավազանում լուսարձակող հարյուր անմոռուկների մեղմ լույսի ներքո, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի ու տենոր Տիգրան Օհանյանի կատարմամբ այդ հզոր գործերը բաց երկնքի տակ հնչեցին որպես բողոքի կանչ, որպես արձագանք՝ ժամանակին կատարված ոճրագործության դեմ:
Ինչպես նկատեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այդ կերպ իրենք ցանկանում էին փոխանցել այն հույզերն ու ցասումը, որն ապրել էր մեծ կոմպոզիտորը՝ այդ ստեղծագործությունները գրելիս: Համերգ-ոգեկոչումն ուղեկցվեց երկու ստեղծագործությունների ձեռագիր և տպագիր նոտաների բացօթյա բացառիկ ցուցադրությամբ:
Երեկոյի վերջաբանը լապտերներն էին, որ վառվեցին ու երկինք սլացան՝ իբրև ազգի հարատևման խորհրդանիշ: