Ուղիղ եթեր. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները (տեսանյութ)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի նախաձեռնությամբ` ապրիլի 23-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա քննարկում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոչընդոտներն ու անհրաժեշտ զարգացումները՝ 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով: Քննարկմանը կմասնակցեն Թուրքիայից ժամանած հայտնի փորձագետ, քաղաքագիտության դասախոս, Հրանտ Դինք հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Թարաֆ օրաթերթի սյունակագիր Չենգիզ Աքթարը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայաստանի և Թուրքիայից փորձագետները կքննարկեն քաղաքական իրավիճակը տարածաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում, ինչպես նաև մանրամասնորեն կանդրադառնան երկու կողմերի հասարակություններում տեղի ունեցող գործընթացներին ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Բանախոսները նաև կքննարկեն հայ-թուրքական հարաբերություններում ընթացիկ զարգացումները 2015 թ. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ենթատեքստում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` + 374 10 58 48 99 հեռախոսահամարով : Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: