Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարը վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու

Տնտեսություն
unnamed412

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը,  վերամշակող ընկերությունների ղեկավարներ, մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: Իր բացման խոսքում նախարարը նշել է, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա  ընթացիկ հարցերը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան,  որ  այս  տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների  իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները: «Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի, և այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր  անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են:  Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն  այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա»,-իր խոսքում շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հավելել է, որ այս հարցերը գտնվում են հանրապետության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության  կենտրոնում, և առաջիկայում վերամշակող ընկերությունների գործունեությունը խթանելու և նրանց կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու  նպատակով նախատեսվում է նաև քննարկում կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ: Նախարարը հորդորել  է վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները`  մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադարձ է կատարվել նաև բերքատվության ավելացման, ինչպես նաև  բերքի որակի բարելավման հարցերին, որը նույնպես արտահանման ծավալների ընդլայնման տեսանկյունից դեռևս կարևոր խոչընդոտ է: ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հավաստել է, որ գյուղացիները բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն ունենա, և ընկերությունները պատրաստ են  ապահովել ամբողջ բերքի իրացումը` շեշտելով մթերումների գնի և ժամկետների կարգավորման հարցերի կարևորությունը: Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան,  որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար: Նախարարը խոսել է նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը: Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն եղել է նաև Ազատեկ համայնքում, որտեղ «Հայկական միրգ» ծրագրի շրջանակում հիմնվել են  շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի և ընկուզենու այգիներ: Ծրագրի հրավերով Հայաստան էր ժամանել նաև ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել  է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը:Նախարարը  նշել է, որ ծրագիրը բավականաչափ շահավետ  և հատկապես  արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ  բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, և արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը:  Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում,  որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը  պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին: Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորել է նրանց միավորվել  և  կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին  համատեղ ջանքերով առավել հեշտ և արդյունավետ լուծումներ  տալ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին