«Մի քանի տնտեսվարողներ շուկան բաժանում են իրար մեջ». Ա. Շաբոյան
Հակամրցակցային հարաբերությունները հատկապես ռիսկային են պետական գնումների ոլորտում։ Այսօր հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ «Պետական գնումների մրցույթների ժամանակ, երբ մեկ տնտեսվարող է մասնակցում այդ մրցույթին, ապա այդ տնտեսվարողը հնարավորություն է ունենում բարձր գնային առաջարկ ներկայացնել եւ քանի որ պետությունը այլընտրանք չի ունենում այս իրավիճակում, ստիպված ընդունում է բարձր գնային առաջարկը։ Հետեւաբար պետական գնումների ոլորտում տնտեսվարողների միջեւ հակամրցակցային հարաբերությունները նպաստում են բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության նվազմանը»,-ասաց Արտակ Շաբոյանը։ Այդ իսկ պատճառով էլ ոլորտը գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքերով՝ մի քանի տնտեսվարողներ համաձայնության են գալիս եւ շուկան բաժանում են իրար մեջ, ուստի մյուս տնտեսվարողները հնարավորություն չեն ունենում ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։ Այսօր ՏՄՊՊՀ-ն հրապարակել էր Երեւանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ: