«Բարբարոսություն՝ գրողների միության շենքի բակում» (տեսանյութ)
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ Հայաստանի գրողների միությանը կից տարածքի նկատմամբ բարբարոսական վերաբերմունք է դրսևորվում։ «Գոյություն ունի գրողների միության բակ, որտեղ ես տեսել եմ, թե ինչպես է Իսահակյանն այնտեղ ճեմում, ես շատ փոքր էի և հիմա հիշում եմ, որովհետև դա ինձ համար սրբություն է։ Հիմա գրողների միությունն այդ տարածքը վարձակալությամբ տրամադրել է ընկերության, որը բետոնապատում է այն»։ Պողոսյանը հայտարարում է, որ ինքը զրուցել է գրողների հետ, ու նրանք իրեն տեղեկացրել են, որ բարեկարգումից հետո տարածքը կգեղեցկանա. «Դրանք ոչ հայ են, ոչ էլ գրող են»- ասաց Պողոսյանը։ Իրավաբան Պուշկին Սերոբյանն էլ գտնում է, որ Հայաստանի գրողների միությունն իրավունք չունի վարձակալությամբ տրամադրել իրեն կից պուրակը, քանի որ այն պատկանում է պետությանը։ «Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը հստակ սահմանել է, որ արգելվում է սեփականության իրավունքով տրամադրել պուրակները։ Գրողների միությունը վարձակալությամբ տվել է այդ հողամասը, գրողների միությունը իրավունք չունի հողամաս տրամադրելու, քանի որ այդ տարածքը պատկանում է պետությանը»,- նշում է իրավաբանը։ «Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանի Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը զարմանք է արտահայտում, թե ինչպես կարելի է առանց տեղեկանալու նման հայտարարություններ անել. «Սպառողների միության նախագահը չի եկել Գրողների միություն, չի դիմել, չի հարցրել։ Առանց տեղեկանալու իրավիճակի մասին՝ հայտարարություններ են անում և մարդկանց գցում են թյուրիմացության մեջ»։ Դեմիրճյանը չի ընդունում նաև միության բակում իրականացվող շինարարության՝ անօրինական լինելու մասին պնդումները։ Մանրամասները՝ տեսանյութով