Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազի տեսուչի» անվան տակ մտել է տուն և փորձել հափշտակություն կատարել

Հասարակություն
default_14_1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տուն մուտք գործելու և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Մայիսի 7-ին՝ ժամը 11:55-ին, Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել, որ գազի տեսուչի անվան տակ զենքով մարդ է մտել իրենց տուն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. տանտիրուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրինագրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ Քննչական կոմիտե