Հոգեբուժական հաստատություններում 40 հոգուն մեկ հեռուստացույց է հասնում (տեսանյութ)
Մայիսի 14-ին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 24 երկրների հոգեբուժության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք ներկա կլինեն հոգեկան առողջության մարտահրավերներին նվիրված գիտաժողովին։ «Սա շատ կարևոր միջոցառում է, որի ընթացքում մասնագետները դիտարկումներ կանեն առ այն, թե ինչ նոր մոտեցումներ կան հոգեկան առողջության ասպարեզում»,-նշել է «Սանոֆի» դեղագործական ընկերության մատչելի բժշկության միջազգային ծրագրի փոխնախագահ Ռոբերտ Սեբբագը։ «Ինձ համար լավագույն երգիչը Շառլ Ազնավուրն է։ Եվ այս գիտաժողովը ոչ միայն Ֆրանսիայի ու Հայաստանի բարեկամության ապացույցն է, այլև հոգեկան առողջության համաշխարհային համայնքի և Հայաստանի միջև բարեկամության դրսևորում»,-շեշտել է պարոն Սեբբագը։ Իսկ Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի նախագահ Թոմաս Կրեյգը պատմել է, թե ինչ ձեռքբերումներ կան այս պահի դրությամբ՝ աշխարհի շատ երկրներում։ «Հիվանդների ընտանիքի անդամները ներգրավվում են բժշկական հաստատությունների ղեկավար կազմում, ցանկացած փոփոխություն կատարելիս՝ անպայման հաշվի է առնվում հիվանդի ցանկությունը»,-նշել է նա։ «Մարդիկ են գալու, որոնց դասագրքերով են սովորել մեր երիտասարդները, և նրանց հետ շփումը շատ բան կտա։ Սպասում եմ նորույթներ, և ինչու չէ՝ իրենց առաջավոր փորձի ներդրում մեր երկրում։ Արդեն իսկ տեղաշարժեր կան. շուտով երկու համայնքային խնամքի տներ կլինեն, ինչը որոշ չափով կբեռնաթափի հոգեբուժական հիվանդանոցները, իսկ հիվանդները կմոտենան իրենց ընտանիքներին։ Կապրեն համայնքներում, կունենան զբաղվածություն, և կլինեն բավականին ինքնուրույն»,-իր հերթին ասել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։ Նա նշել է նաև, որ գաղտնիք չէ այն, որ հոգեբուժական հաստատություններում մարդկանց մոտ առաջանում է պաթոլոգիա։ «Դե պատկերացրեք, 40 մահճակալանոց բաժանմունքում մի հեռուստացույց կա և 40 անձ պետք է նայի նույն հաղորդումը։ Եվ թե ինչ նայել, կորոշի կամ հիվանդների շրջանում իշխող մեկը կամ բուժաշխատողներից որևէ մեկը, ով կմտածի, թե ինքը մնացածից ավելի ճաշակով է կամ խելացի։ Նման դեպքերում մարդու անհատականությունն է կորում»,-շեշտել է պարոն Թորոսյանը։ Երկրի գլխավոր հոգեբույժն ակնկալում է, որ մոտակա տարիներին կկարողանան նման խնդիրներ ունեցողներին մոտեցնել հանրությանը։ Բնակչությունն էլ կհասկանա, որ գործ ունի իր անբաժան մասնիկի հետ։